ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում պետական կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ քննարկմանը
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, 2014 թ. - Այսօր Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի նպատակն էր սատարել Հայաստանի կողմից` Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացմանը:
ՀՀ կառավարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպված միջոցառումը երկխոսության հարթակ ծառայեց կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև՝ քննարկելու Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնությունում Հայաստանի՝ 2014-2016 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը:
ԲԿԳ լիազորությունների շրջանակներում կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցությունը կարևոր բաղադրիչ է՝ կյանքի կոչելու Հայաստանի հանձնառությունները պետական կառավարման թափանցիկության խթանման, որոշումների ընդունման գործընթացներում հասարակության մասնակցության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի և կառավարման նոր տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում: Այսօրվա քննարկումը շահառուներին հնարավորություն ընձեռեց առաջարկություններ ներկայացնել գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ և հարթակ հանդիսացավ այս կարևոր նախաձեռնությունում հանրային ներգրավվածության համար:
«Կարծում եմ՝ վերանայելով գործողությունների շրջանակը, որոնք նպաստում են թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, Հայաստանն այսօր կատարեց մի կարևոր քայլ առաջ», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մկքոյը: «Այս ջանքերով կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը` վարելու բաց երկխոսություն քաղաքացիական հասարակության հետ, որը հաջողելու դեպքում՝ ի վերջո կօգնի ամրապնդել վստահությունը երկրում ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ»:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար - նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ հայաստանյան համակարգող Գուրգեն Դումանյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց. «ՀՀ կառավարությունը հավատարիմ է Բաց կառավարման գործընկերության արժեքներին և քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ` շարունակելու է հետևողական ջանքեր գործադրել՝ ուղղված պետական կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը: Կառավարությունը կարևորում է նմանատիպ աշխատանքային քննարկումների անցկացումը, որոնք ապահովում են արդյունավետ համագործակցություն և կառուցողական երկխոսություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև»:
ԻԱԿ ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանն ընդգծեց, որ քաղաքացիական հասարակություն - կառավարություն երկխոսությունը առանցքային սկզբունքն է՝ ապահովելու ԲԿԳ արժեքները. «Շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը հաշվի առնի քաղաքացիական հասարակության առաջարկությունները և դիրքորոշումները Հայաստանի՝ 2014-2016թթ. գործողությունների ծրագրի վերաբերյալ: ԻԱԿ -ը համախմբում է քաղաքացիական հասարակության ջանքերը՝ կոչ անելով կառավարությանը հավակնոտ ու կարևոր հանձնառություններ ստանձնել՝ թափանցիկության և հրապարակայնության բարձրացման ուղղությամբ»:
ԲԿԳ-ն կամավոր և բազմաշահառու միջազգային հարթակ է, որը ստեղծվել է 2011 թ., ութ հիմնադիր երկրների կողմից՝ Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորության եւ Միացյալ Նահանգներ: Հայաստանը միացել է ԲԿԳ նախաձեռնությանը 2011թ.: