ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն ամրապնդում են հայ լրագրողների` ընտրությունները լուսաբանելու հմտությունները
ԾԱՂԿԱՁՈՐ, Հայաստան, 21 նոյեմբերի, 2012 թ. - Այսօր Ծաղկաձորում կմեկնարկի լրագրողների համար ուսուցողական սեմինար, որի ընթացքում կքննարկվեն ընտրություններում ԶԼՄ-ների դերը, ընտրությունների անաչառ և որակյալ լուսաբանման կարևորությունը և էլեկտրոնային լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի միջոցով ընտրողներին ներգրավելու մեթոդները:
Երկօրյա սեմինարը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Մամուլի աջակցության <<Ինտերնյուս>> հասարակական կազմակերպությունը` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:
Միջոցառման նպատակն է լրագրողներին զինել մուլտիմեդիա գործիքների և սոցիալական ցանցերի օգտագործման հմտություններով` 2013 թ.-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների լուսաբանման համար, ինչպես նաև հզորացնել լրագրողների կարողությունները` վերլուծելու և հետևողականորեն լուսաբանելու ընտրական գործընթացների վերաբերյալ քաղաքացիների մտահոգությունները:
<<Ազատ և արդար ընտրությունները զուտ քվեարկությունը չէ, այլ նաև լրատվամիջոցների կողմից թեկնածուների, կուսակցությունների, քաղաքական ծրագրերի և բուն ընտրական գործընթացի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության ներկայացումն է, որպեսզի ընտրողները կարողանան կատարել գիտակից ընտրություն>>,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինը:<< Դրա համար ընտրական գործընթացում չափազանց կարևորվում է լրագրողների դերը, և այս ծրագիրը նպատակ ունի ամրապնդելու այն>>:
<<Լուսաբանումը մուլտիմեդիա միջավայրում հեշտ չէ: Անհրաժեշտ է գործել արագ և նորարարական սկզբունքով` միևնույն ժամանակ ապահովելով ճշգրիտ և փաստացի տեղեկատվություն և ներկայացնելով տարբեր տեսակետներ>>, - նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից Մարյա Դաֆերնը: <<Հուսով եմ, որ այս ուսուցողական դասընթացը կօգնի ձեզ այդ գործում` խթանելով ձեր` ընտրություններ լուսաբանելու մասնագիտական կարողությունները>>:
Սեմինարի ընթացքում լրագրողները կքննարկեն ընտրությունների ընթացքում մամուլի դերը, իրավունքներն ու պարտականությունները և կտեղեկանան ընտրական քարոզարշավի և ընտրության օրը հանրության հետ հաղորդակցվելու` առցանց և նոր մեդիա միջոցների օգտագործման սկզբունքների մասին: Մասնակիցները նաև կծանոթանան ընտրական օրենսդրությանը և դանիացի մեդիա փորձագետի հետ կքննարկեն ընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողներին հանդիպող խնդիրները:
Մամուլի աջակցության <<Ինտերնյուս>> ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշեց. <<Մենք որպես մասնագետներ և քաղաքացիներ ցանկանում ենք ունենալ բանիմաց և զարգացած լրատվամիջոցներ, տեղեկացված և կրթված լրագրողներ, ովքեր կնպաստեն, որպեսզի թե' իշխանությունները, և թե' քաղաքացիները պատասխանատու լինեն երկրի ապագայի համար>>:
Այս սեմինարը Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների հզորացմանն ուղղված 1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մասն է, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389: