ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` ընտրողների համար քաղաքական կուսակցությունների ուղեցույցի շնորհանդես ընդառաջ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի 2012թ. - Այսօր Երևանում հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակված ուղեցույցը, որում ամփոփ ներկայացվում են Հայաստանում մայիսի 6–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերը, գործունեությունն ու նպատակները:
Ուղեցույցը պատրաստվել է <<Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամ>> հասարարական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Քաունթերփարթ Ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության» ծրագրի աջակցությամբ:
<<Այս ձեռնարկը Հայաստանում ընտրողներին աջակցելու օգտակար գործիք է իրազեկված որոշում կայացնելու համար և կնպաստի մասնակցային ընտրական գործընթացին>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան:
Միջոցառմանը մասնակցեցին քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
<<Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամ>>-ի նախագահ Սամվել Մխիթարյանը հավելեց. «Ընտրություններին մասնակցող կուսակցությունների քաղաքական պլատֆորմների, ծրագրերի ու նպատակների մասին անաչառ և համակողմանի տեղեկատվության տրամադրումը կարևոր է: Այն օգնում է բարձրացնել քաղաքացիների իրազեկությունը և քաղաքական ակտիվությունը, ինչպես նաև հնարավորություն է կուսակցությունների համար` լինել հավասարապես ներկայացված հանրությանը>>:
Այժմ միայն հայերեն հրատարակությունն ունի շրջանառություն վեց հազար տպաքանակով և կտարածվի քաղաքական կուսակցությունների, տեղական դիտորդություն իրականացնող ՀԿ-ների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և հանրության լայն շրջանակներում: Շուտով լույս կտեսնի անգլերեն էլեկտրոնային տարբերակը:
Նման ուղեցույց նաև հրատարակվել էր Հայաստանի 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և դրական գնահատվել ընտրական գործընթացների շահառուների կողմից:
Ուղեցույցի Էլեկտրոնային տարբերակը հայերեն լեզվով կարող եք գտնել` այստեղ //www.osce.org/yerevan և www.fcsd.am.