ԵԱՀԿ գրասենյակը խթանում է կրոնական խնդիրների հաշվետու լուսաբանում
Ծաղկաձոր, Հայաստան, օգոստոսի 5, 2011թ. - Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց ԵԱՀԿ աջակցությամբ հայ լրագրողների համար կազմակերպված եռօրյա սեմինար` կրոնի կամ համոզմունքի ազատության ազգային օրենսդրության և մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների վերաբերյալ:
Միջոցառումը կազմակերպվել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ի կողմից` ԵԱՀԿ երեևանյան գրասենյակի աջակցությամբ քսան լրագրողի համար և հաջորդում է հուլիսի 22-24-ը քսան ուսանողի համար կազմակերպված նմանատիպ սեմինարի:
«Լրագրողները հաշվետու են իրենց գործողությունների սոցիալական և քաղաքական հետևանքների համար և պարտավոր են պահպանել մասնագիտական և էթիկայի բարձրագույն չափորոշիչները: Այս առումով` մենք կոչ ենք անում լրատվամիջոցներին լինել պատասխանատու և խուսափել համոզմունքների, կրոնական համայնքների և հոգևոր արժեքների վերաբերյալ հղումներ, որոնք կարող են ներառել զրպարտություն կամ խտրականություն», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունթուլովը:
«Մենք հուսով ենք, որ այս դասընթացը կօգնի հայկական լրատվամիջոցներին ընդլայնել այս հարցի շուրջ իրենց պատկերացումները և բարելավել իրենց լուսաբանումը` ցուցաբերելով ավելի մեծ հարգանք և ուշադրություն տարբեր խմբերի նկատմամբ», - հավելեց նա:
Սեմինարի մասնակիցները կքննարկեն, թե ինչպես համադրել խոսքի ազատությունը կրոնի կամ համոզմունքի ազատության հետ: Դասընթացը կներառի օրինակներ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպերից:
«Հրապարակ» օրաթերթի լրագրող Սոնա Հարությունյանը, ով մասնակցեց միջոցառմանը նշեց` այն օգնեց կոտրել այն կարծրատիպերը, որ առկա են մեր մեջ. «Նոր տեսանկյունից ներկայացվեց խնդիրը, որը շատ օգտակար է մեզ` լրագրողներիս համար: Սեմինարն ընձեռեց հնարավորություն լինել առավել անաչառ և օբյեկտիվ մեր հետագա աշխատանքում` կրոնական թեմաներ լուսաբանելիս:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը Վենետիկի հանձնաժողովի հետ միասին ներկայացրել է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ երկու համատեղ կարծիքներ: Ներկայումս մշակվում է նոր օրենսդրական փաթեթ, որը կքննարկվի ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ գրասենյակի կողմից այս ամիս կազմակերպվելիք կլոր սեղանի շուրջ: