ԵԱՀԿ-ն կազմակերպում է քննարկում՝ «Հայաստանում միգրանտների տնտեսական ինտեգրումը» թեմայով
2016թ. հունիսի 3-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) հետ համագործակցությամբ, կազմակերպեց Հայաստանում միգրանտների տնտեսական ինտեգրման վերաբերյալ կլոր սեղան-քննարկում:
Միջոցառմանը մասնակցեցին պետական հաստատությունների, այդ թվում ԱՍՀՆ-ի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ՀՀ էկոնոմիկայի, սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության շուրջ երեսուն ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են միգրացիոն խնդիրներով:
Ե՛վ ապաստանի, և՛ աշխատանք գտնելու համար Հայաստան մուտք գործող միգրանտների աճող թիվը մեծացնում է միգրանտների ինտեգրման քաղաքականությանն ու օրենսդրությանը վերաբերող հարցերը բարձրաձայնելու կարևորությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանը Սիրիայից ժամանած փախստականների և ապաստան հայցողների թվով Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրների շարքում է: Միգրանտների ինտեգրման կարիքները հոգալու ուղիների հայտնաբերումը, միաժամանակ արժևորելով նաև նրանց ներդրումը, կարող է տալ տնտեսական ինտեգրման առկա մեխանիզմների հզորացման հնարավորություն՝ ի շահ Հայաստանի ողջ տնտեսության և հասարակության:
«Քննարկումը հնարավորություն տվեց ազգային կառույցներին՝ բարձրաձայնելու միգրանտների տնտեսական ինտեգրման հետ կապված իրենց մտահոգող խնդիրները, մատնանշելու իրենց առաջնահերթություններն ու գործունեությունը և գտնելու համագործակցության հնարավոր ոլորտներ: Այս միջոցառման արդյունքները նաև կնպաստեն Միգրացիոն պետական ծառայության կողմից մշակված և այլ պետական մարմինների դիտարկմանը ներկայացված Իմիգրանտների ինտեգրման քաղաքական հայեցակարգի վերանայմանը»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Դեյվիդ Գուլլետը:
Իրենց գործունեությունը ներկայացնելուն և համակարգման բարելավման ուղիների քննարկմանն ի հավելումն՝ մասնակիցները մատնանշեցին ավելի փորձառու երկրներից սովորելու կարևորությունը: Կլոր սեղան-քննարկման հիմնական առաջարկություններից մեկն էր՝ դիմել միջազգային հանրությանը՝ միգրանտների տնտեսական ինտեգրման ոլորտում լավագույն փորձի փոխանակման նպատակով տարածաշրջանային միջոցառում կազմակերպելուն աջակցելու խնդրանքով:
Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական ծառայության խնդրանքին ի պատասխան: