ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ քննարկվեցին մասնավոր ոլորտի կոռուպցիոն հիմնախնդիրները
2016թ. մայիսի 28-ին և 29-ին Աղվերանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված աշխատաժողովի ուշադրության կենտրոնում էին պետական գնումների, մաքսային և հարկային, ազատ մրցակցության և մենաշնորհների ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը, հաշվետվողականության և թափանցիկության մարտահրավերները, ինչպես նաև օրենսդրական և կարգավորման հիմնահարցերը:
Միջոցառմանը մասնակցեցին շուրջ վաթսուն ներկայացուցիչ՝ ներառյալ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի, Արդարադատության նախարարության, Պետական գնումների կոմիտեի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պաշտոնյաներ: Մասնակցեցին նաև բիզնես միությունների և ասոցիացիաների, այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիցչներ, տնտեսագետներ և լրագրողներ:
«ՀՀ կառավարությունն ընդգծել է կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի կարևորությունը», - ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը. «Մասնավոր ոլորտը կարող է կարևոր դերակատարում ունենալ այդ գործում, և մենք պատրաստ ենք հանդես գալ նախաձեռնություններով՝ կատարելու փոփոխություններ և առաջարկելու լուծումներ կոնկրետ խնդիրներին»:
«Հուսով ենք՝ այս միջոցառումը կխթանի սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության, գործարար կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև՝ բիզնես ոլորտի կոռուպցիայի դեմ պայքարին հետամուտ»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Նաիրա Գյուլնազարյանը:
Միջոցառումը կազմակերպվեց ՀՀ արդարադատության նախարարության, ԵՄ-ի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ: Այն մաս է կազմում ԵԱՀԿ գրասենյակի ջանքերի՝ ընդլայնելու քաղաքացիական հասարակության, բիզնես ընկերությունների և ասոցիացիաների մասնակցությունը կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարում, և ձևավորելու կառավարության, քաղաքացիական հասարկության և մասնավոր ոլորտի շրջանում ամուր հարթակ՝ նպաստելու պետական բարեփոխումներին:
Մաքսային ոլորտի կարգավորման դաշտի մարտահրավերները քննարկվել են մայիսի 25-ին Գյումրիում կազմակերպված միջոցառման ընթացքում և մեկ այլ քննարկում էլ կանցկացվի Վանաձորում՝ մարզերում պետական գնումների ոլորտում խնդիրների վերաբերյալ: