ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում են միգրանտների իրավունքների վերաբերյալ դասընթաց
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ 2016թ. մարտի 24-26-ին Ծաղկաձորում կազմակերպեց դասընթաց՝ միգրանտների իրավունքների թեմայով:
ԺՀՄԻԳ-ի կազմակերպած այս դասընթացի հիմնական նպատակն է աջակցել ԵԱՀԿ մասնակից պետությունների իշխանություններին՝ ապահովելու միգրացիոն կառավարման պրակտիկայի համապատասխանեցումը միջազգային իրավական պարտավորություններին և ԵԱՀԿ հանձնառություններին՝ հարգելու և պաշտպանելու միգրանտների մարդու իրավունքները:
Դասընթացին մասնակցում էին 25 ներկայացուցիչներ պետական կառույցներից՝ ներառյալ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Փաստաբանների պալատը, ինչպես նաև միգրացիայի հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և իրավաբաններ:
«Այս նախաձեռնությունը կարևոր է իշխանությունների և քաղաքացիական հասարակության կառույցների համար՝ միգրանտների և փախստականների կարիքներին արձագանքնելու իրենց ջանքերում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Դեյվիդ Գուլետը:
Դասընթացի մասնակիցները տեղեկացան միգրացիայի ոլորտում ԵԱՀԿ հանձնառությունների և մասնավորապես՝ միգրանտների իրավունքների պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ դաշտի մասին:
Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը դասընթացի մասնակիցներին հակիրճ ներկայացրեց իր կազմակերպության դերը՝ կենտրոնանալով փախստականների իրավունքների միջազգային չափանիշների վրա:
Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության խնդրանքով: Միջոցառումը ԺՀՄԻԳ ընթացիկ ծրագրերի մի մասն էր և նպատակ ուներ աջակցելու ԵԱՀԿ մասնակից պետություններին՝ միգրացիայի ոլորտում իրենց հանձնառությունների իրականացման գործում: Ընթացիկ միգրացիոն ճգնաժամի համատեքստում այս ոլորտը հատուկ ուշադրության է արժանանում: