Կերտելով ավելի լավ ապագա Հայաստանի կանանց համար
Կանանց տնտեսական հզորացումը գենդերային հավասարությանն ու աղքատության կրճատմանը նպաստող կարևորագույն գործոններից է: Սակայն երկրում հայրիշխանական համակարգը և գործազրկության բարձր մակարդակը հաճախ խոչընդոտ են հանդիսանում կանանց համար:
Հայաստանում իրականացվող մի ծրագիր օգնում է կանանց հաղթահարել այդ մարտահրավերները՝ ներգրավելով նրանց ձեռագործության մեջ: Այս ծրագրի շնորհիվ կանայք հնարավորություն են ստանում գումար վաստակել՝ աշխատելով տանից:
Սա իդեալական լուծում է ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր համայնքի բնակիչ, վեց զավակների մայր Զարի Գրիգորյանի համար:
«Նրանցից հինգը դպրոց են հաճախում, իսկ ամենափոքրիկս մեկուկես տարեկան է: Ամուսինս անասնապահությամբ է զբաղվում, որպեսզի կարողանանք մեծացնել փոքրիկներին: Ես օրվա ամբողջ մասը տանն եմ՝ երեխաներիս խնամքով եմ զբաղվում», - ասում է նա:
Չնայած տնային գործերին՝ Զարին հասցնում է թել մանել՝ վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, երբ երեխաները քնած են: Նրա պատմությունը տիպիկ է մարզի համար: Սյունիքի մարզը մայրաքաղաքից ամենահեռավորներից մեկն է՝ 150 000 բնակչությամբ և գործազրկության բարձր մակարդակով: Գրանցված գործազուրկների երկու երրորդը կանայք են: Բացի այդ՝ շատ ընտանիքներում տղամարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի՝ երեխաների խնամքի բեռը թողնելով կանանց ուսերին:
Կանանց գումար վաստակելու հնարավորության ընձեռում
2009թ.-ից ի վեր ձեռքի աշխատանքների ակումբներն օգնել են Զարիի նման կանանց ձեռք բերել աշխատանք: «Բրդից կարպետ» արհեստանոցը Շինուհայրում, որտեղ Զարին աշխատում է, հիմնադրվել է 2014թ.-ին: Այն մեկն է մարզում գործող այսպիսի 5 արհեստանոցներից, որտեղ շուրջ 120 կին բուրդ են լվանում, մանում, զբաղվում կարպետագործությամբ, հելյունագործությամբ, ասեղնագործությամբ, կավագործությամբ:
Ձեռքի աշխատանքների ակումբները գործում են «Կանանց ռեսուրս կենտրոններ»-ին կից, որոնք էլ ստեղծվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերի շրջանակներում:
«Կարպետագործության շնորհիվ ես ոչ միայն գեղեցիկ իրեր եմ պատրաստում, այլև որոշ գումար եմ վաստակում», - ասում է երկու զավակներիի մայր Աննա Նավասարդյանը, ով վերջերս է սկսել հաճախել Սիսիանի ձեռքի աշխատանքների ակումբ: «Ամուսինս մեկնել է Ռուսաստան աշխատելու, բայց դեռևս գումար չի ուղարկել: Ես ցանկանում եմ շարունակել իմ աշխատանքը, որպեսզի կարողանամ վճարել սննդի և երեխաներիս անհրաժեշտ դպրոցական պարագաների համար», -ասաց նա՝ հիշեցնելով, որ ծախսել է իր առաջին աշխատավարձը՝ երեխաների համար կոշիկներ գնելով:
Հմտությունների հարուստ պաշար
Կանայք միշտ չէ, որ զբաղվածության ոլորտից դուրս են մնացել այս մարզում: Խորհրդային տարիներին մարզում գործում էին գործարաններ, որոնք աշխատատեղեր էին ապահովում կանանց համար: Չնայած գործարանները վաղուց փակվել են՝ տեղացի կանայք ժառանգել են հմտությունների հարուստ պաշար:
Ռոզա Հովհաննիսյանը տասնմեկ տարի աշխատել է Մեղրիի գորգերի գործարանում: Ընդգրկված լինելով Մեղրիի ձեռքի աշխատանքների ակումբում այժմ նա իր փորձն է կիսում երիտասարդների հետ:
«Ես կիսում եմ իմ գիտելիքները սկսնակների հետ: Կարպետագործությամբ զբաղվելն ինձ մեծ բավականություն է պատճառում, ես ինձ կարևոր եմ զգում: Հպարտանում եմ, որ իմ ձեռքով գործված հայկական նախշերով կարպետները գրավում են տարբեր ազգության մարդկանց ուշադրությունը: Բացի այդ, կարողանում եմ թեթևացնել սոցիալական հոգսերս»:
ՀՀ Սյունիքի մարզում ձեռքի աշխատանքների զարգացման ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նաև օգնում է զարգացնել կանանց հմտությունները՝ կազմակերպելով վերապատրաստման գործնական դասընթացներ, որոնք վարում են տեղի մասնագետները: Վերապատրաստումները կանանց հնարավորություն են ընձեռում բարելավել իրենց հմտությունները, սովորել հայկական ավանդական զարդանախշերը և համադրել դրանք ժամանակակից մոտիվների հետ: Ծրագրի շրջանակներում Հոլանդիայից փորձագետներ են այցելել արհեստանոցներ՝ հայ կանանց հետ իրենց գիտելիքներն ու փորձը կիսելու նպատակով:
Դուրս գալով միջազգային ասպարեզ
Կանանց ներգրավելով արտադրության մեջ, ծրագիրը նաև օգնում է գործարար կապերի հաստատման և շուկաների ձեռքբերման հարցում՝ զարգացնելով կանանց ձեռնարկատիրական ոգին:
2015թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը կանանց ռեսուրս կենտրոնների ներկայացուցիչները մասնակցել են Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացած միջազգային տոնավաճառին:
Գորիսի ձեռքի աշխատանքների ակումբը ստացել է պատվերներ և ուշադրության արժանացել բազմաթիվ գնորդների կողմից ամբողջ աշխարհից ՝ Սկանդինավիայից մինչև Ասիայի Հեռավոր Արևելք:
Սյունիքում ձեռքի աշխատանքների զարգացման ծրագրի համակարգող Ռուզաննա Տոռոզյանը նշում է, որ Հայաստանի սահմաններից դուրս շուկաներ գտնելը կարևոր քայլ է ձեռքի աշխատանքների ակումբները զարգացնելու և դրանք կայուն դարձնելու ուղղությամբ:
«Այսօր մենք արտահանում ենք մեր ապրանքների մի մասը եվրոպական երկրներ: Սա ոչ միայն ապահովում է կայուն եկամուտ ծրագրի մասնակիցների համար, այլև հնարավորություն է տալիս ներգրավել ավելի շատ կանանց», - ասում է նա: