ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մրցանակաբաշխությանը
ԵԱՀԿ երևանյան գրասենյակն՝ իր գործընկերների հետ համագործակցությամբ, 2015թ. դեկտեմբերի 9-ին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ աջակցել է ամենամյա մրցանակաբաշխությանը՝ լրատվամիջոցների, գործարար համայնքի ներկայացուցիչներին և քաղաքացիական ակտիվիստներին գնահատանքն արտահայտելու կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի համար, ինչպես նաև իրավունքի գերակայությանը, արդարադատության մատչելիությանն ու հաշվետվողականությանը նպաստելու համար: Պարգևատրվողներին պատվեցին նաև իրավական համակարգը հաջողությամբ գործադրելու համար՝ իրենց աշխատակիցների ու սպառողների նկատմամբ գործարար համայնքին ու ընկերություններին հաշվետու լինելու ուղղությամբ:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ԵԱՀԿ գրասենյակի, ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ:
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մեծ կարևորություն է տալիս հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը, որոնք ուղղված են արդյունավետ կառավարման խթանմանն ու ամրապնդմանը Հայաստանում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը. «Մենք հույս ունենք, որ պետության, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության համատեղ ջանքերով՝ կոռուպցիայի նվազեցման գործընթացում շոշափելի արդյունքների կհասնենք»:
Տեղի քիմիական ընկերության նախկին աշխատակից Հայկանուշ Թութունջյանը ճանաչվեց «տարվա քաղաքացի»՝ դատական գործում իր իրավունքները հաջողոթյամբ պաշտպանելու համար. «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» աջակցությամբ՝ նա շահեց իր աշխատավարձի և փոխհատուցման դատական հայցը:
Ուսանողուհի Անի Սամսոնյանն արժանացավ «տարվա երիտասարդ քաղաքացի» մրցանակին՝ իր սոցիալական մեդիա - տեսանյութի համար, որում բարձրաձայնում էր կոռուպցիայի խնդիրները:
«Սիվիլնեթ» լրատվամիջոցը ճանաչվեց «քո գրպանից» առցանց ծրագրի շրջանակներում պետական բյուջեի ծախսերն ու կոռուպցիոն ռիսկերն ակտիվ լուսաբանելու համար:
Ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը պարգևատրվեց՝ հաջողությամբ պաշտպանելու կանանց մայրական՝ նախածննդյան խնամք և ծննդաբերության արձակուրդ ստանալու իրավունքները:
«Գրին բին» սննդի ընկերությունը և «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանը մրցանակ ստացան՝ բիզնեսում կոռուպցիոն ռիսկերը և խոչընդոտները բացահայտելու համար:
Մրցանակները հանձնեցին՝ դեսպան Սորոկինը, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվորֆը, Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե-Մարիա Մեդինա-Նավառոն, և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգող և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: