ԵԱՀԿ-ն խրախուսում է Հայաստանում ընտանեկան բռնության կանխմանն ուղղված գործընկերության մոդելի ստեղծումը
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի 2014թ. – «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, այսօր Երևանում ներկայացրեց Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված գործընկերության մոդելի մշակմանն ուղղված ծրագրի հիմնական արդյունքները:
Փորձնական ծրագիրը իրականացվեց «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կողմից 2014թ. մարտից՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր Նորք համայնքներում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Ծրագրի նպատակն էր մշակել ոստիկանական ստորաբաժանումների և այլ ներգրավված պետական և ոչ պետական դերակատարների միջև համագործակցության գործուն մոդել՝ որպես միասնական բազմակառույց մեխանիզմ՝ ուղղված ընտանեկան բռնության դեպքերին արձագանքմանը:
«Ընտանեկան բռնությունը լուրջ ոտնձգություն է և մարդու հիմնարար իրավունքի խախտում. այն նաև հանցավորության սկզբնաղբյուր է և նախադրլյալ: Ոստիկանությունը կարևոր դերակատարություն ունի ընտանեկան բռնության դեմ պայքարի ու դրա վերացման գործում, սակայն անհրաժեշտ է բազմագերատեսչական, միասնական մոտեցում և արձագանք», ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի ղեկավար Լիլիան Շալառուն:
«Ոստիկանությանն աջակցության ծրագրի շրջանակում մենք օժանդակեցինք այս կարևոր ծրագրին՝ ուղղված ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման ոլորտում ոստիկանության մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ մասնավորապես ներգրավելով անչափահասների հարցերով և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության աշխատակիցներին»:
Ծրագրի շրջանակներում շուրջ 70 հանդիպում է կազմակերպվել՝ ոստիկանական ստորաբաժանումների և համայնքային այլ շահագրգիռ կողմերի միջև՝ քննարկելու և մշակելու համապատասխան համագործակցության մեխանիզմ՝ հիմնված ընտանեկան բռնության դեպքերին արձագանքման փորձի վրա: Համայնքային ոստիկանները, անչափահասների գործերով ոստիկանական բաժինների ներկայացուցիչները, սոցիալական ծառայությունները և ոլորտի քաղաքացիական հասարակության դերակատարները կիսեցին իրենց փորձը, ընկալումներն ու եզրակացությունները նախաձեռնության վերաբերյալ:
«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանը հավելեց. «Ծրագրի արդյունքներից մեկն ընտանեկան բռնության նկատմամբ ոստիկանների վերաբերմունքի փոփոխությունն էր և ոստիկանության և այլ պետական ու ոչ պետական դերակատարների միջև փոխադարձ վստահության ու համագործակցության հզորացումը»:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցում է Հայաստանում ոստիկանական բարեփոխումներին սկսած 2008թ.: