ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ քննարկվեց թրաֆիքինգի դեմ պայքարի օրենքի նախագիծը
2014թ. հուլիսի 25-ից 27-ը Աղվերանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպել է Հայաստանի Հանրապետության «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման ու աջակցության մասին օրենքի» նախագծի քննարկում պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:
Սեմինարի մասնակիցները քննարկեցին օրենքի նախագիծն ու ներկայացրեցին իրենց առաջարկները՝ բարելավելու Հայաստանի Հանրապետության «Սոցիալական աջակցության մասին» օրենքի և այլ հարակից օրենքների համապատասխան դրույթները: ԵԱՀԿ աջակցությամբ ծրագրում ներգրավված փորձագետները ներկայացրեցին առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ՝ ապահովելու գործող օրենսդրական ակտերի, կառավարության որոշումների համապատասխանությունը միջազգային հանձնարարականներին և մարդու իրավունքների չափանիշներին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար, դեսպան Վահրամ Կաժոյանն ասաց. «Այսօրվա հանդիպումը շատ կարևոր է թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային այնպիսի քաղաքականության զարգացման գործում, որն ուղղված է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում կառուցվածքային մեխանիզմների ստեղծմանը, թրաֆիքինգի ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության ապահովմանը: Օրենքի այս նախագիծը ոչ միայն կօգնի թրաֆիքինգի ենթարկված անձանց, այլ, ինչը պակաս կարևոր չէ, կնպաստի զոհերի վերականգնմանն ու վերաինտեգրմանը»:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ղեկավար Օլիվեր ՄըկՔոյն իր հերթին ասաց. «ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ուրախ է աջակցելու այս միջոցառման կազմակերպմանը ու շատ բարձր է գնահատում աշխատանքային խմբի ջանքերը՝ բարելավելու ՀՀ ազգային քաղաքականությունը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում: Այս միջոցառման ընթացքում տեղ գտած քննարկումները ցույց են տալիս, որ Հայաստանը կշարունակի զոհերի պաշտպանության ու աջակցության մեխանիզմների մշակման իրականացումը»:
Այս աշխատանքային հանդիպումը նշանավորվեց նաև ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի կողմից իրականացվող «Գործողությունների ազգային ծրագրի իրականացման գործում Հայաստանի հակաթրաֆիքինգային ազգային դերակատարների կարողությունների ուժեղացում» արտաբյուջետային ծրագրի աշխատանքների ամփոփմամբ: Ծրագրի շրջանակներում վերջին 2 տարվա ընթացքում կազմակերպվել են թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնականացմանն ու ազգային ուղղորդման կարգի կիրարկմանը նվիրված 25 ուսումնական դասընթաց 350 մասնագետի համար, որոնց թվում էին սոցիալական աշխատողներ, ոստիկաններ, փաստաբաններ, դատավորներ, դատախազներ ու այլ քաղաքացիական ծառայողները: Բացի այդ, ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ մշակել ու տպագրել է մարդկանց թրաֆիքինգին վերաբերող ուղեցույց դիվանագետների և հյուպատոսական ծառայության աշխատակիցների համար, ինչպես նաև իրականացրել թրաֆիքինգի դեմ պայքարի 2010-2012 թվականների գործողությունների ազգային ծրագրի իրականացման մշտադիտարկում: