ԵԱՀԿ-ն և միջազգային գործընկերները պարգևատրում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպաններին
2014 թ. հունիսի 19-ին Երևանում՝ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ ԵԱՀԿ-ն և միջազգային գործընկերները պարգևատրեցին այն անհատներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայաստանում մարդու իրավունքների, արդյունավետ կառավարման, քաղաքացիական ակտիվության, տեղական ինքնակառավարման բարեփոխումների, համայնքային ծառայությունների և խոսքի ազատության խթանման գործում:
Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը, որը հիմնադրվել է 2012 թ.՝ որպես տարբեր կառույցների համատեղ նախաձեռնություն, որի առաքելությունն էր նշանավորել Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներդրումները մարդու իրավունքների պաշտպանության գործում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ ՈՒիլյամ Հենլոնը «կառավարության բարեփոխիչ» մրցանակը հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: «Պարոն Տոնոյանը հանդես է եկել որպես Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների, ինչպես նաև ժողովրդավարական վերահսկողության խթանման եռանդուն առաջատար: Մենք բարձր ենք գնահատում նրա նվիրվածությունը և Հայաստանի անվտանգության ոլորտում բարեփոխումներին ուղղված ջանքերը՝ նպաստելու անվտանգության, բարգավաճման և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, որոնք մեզ բոլորիս միավորում են», - ասաց Հենլոնը:
Փաստաբաններ Արտակ Զեյնալյանը և Արա Ղազարյանը ստացան «ազատության պաշտպան»-ի մրցանակ՝ մարդու իրավունքների ոլորտում իրենց գործունեության համար, իսկ մի խումբ ակտիվիստներին, ովքեր կազմակերպել էին արշավ՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի գների բարձրացմանը, շնորհվեց «քաղաքացիական ակտիվություն» մրցանակը՝ հանրային որոշումների կայացման գործընթացում թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու ջանքերի համար:
«Խիզախ կին» մրցանակը ստացավ Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ն, իսկ «Հետքը» պարգևատրվեց «մեդիա գերազանցություն» մրցանակով՝ հետևողական հետաքննչական հոդվածների և ցմահ ազատազրկվածների իրավունքների լուսաբանման համար:
«Տեղական ինքնակառավարման բարեփոխիչ» մրցանակին արժանացավ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը: Երևանի Մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Լաուրա Մովսիսյանը ստացավ «համայնքային ծառայություն» մրցանակը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքում՝ իր ակնառու ջանքերի համար:
Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանատան, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և
«Քաունթերփարթ Ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ: