Կիբեր-սպառնալիքներին ավելի լավ արձագանք՝ Հայաստանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված վերապատրաստման դասընթացների քննարկման առանցքում
2014թ. հունիսի 9-20-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ ոստիկանությունը համատեղ կազմակերպեցին երկու մասնագիտական դասընթացներ, որոնց նպատակն է բարձրացնել ոստիկանության և այլ համապատասխան կառույցների՝ կիբերհանցագործությունների հետաքննության և նրանց դեմ պայքարի կարողությունները:
ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության և անվտանգության ոլորտի այլ մարմինների տարբեր վարչություններից շուրջ քսանհինգ ներկայացուցիչներ մասնակցեցին վերապատրաստման դասընթացներին, որը վարում էր ԵԱՀԿ կողմից հրավիրված փորձագետ Սանջայ Գոելը՝ Միացյալ Նահանգներից:
«Կիբերանվտանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ օրակարգում՝ մասնակից պետությունների պարտավորություններին և հանձնառություններին համապատասխան», ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի պատասխանատու Լիլիան Շալառուն: «Իր մանդատի շրջանակներում՝ ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի աջակցել պետական համապատասխան կառույցներին՝ ամրապնդելու իրենց մասնագիտական փորձն ու կարողությունները տեղեկատվական անվտանգության և կիբերհանցագործությունների դեմ պայքարի գործունեությունում»:
Դասընթացը ընդգրկում է թե՛ տեղեկատվական անվտանգության հիմունքները և թե՛ կիբեր-հարձակումների քննության ու արձագանքման առաջատար սկզբունքները: Մասնակիցները ձեռք կբերեն տեխնիկական հմտություններ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ անվտանգություն ապահովելու համար, ինչպես նաև վերլուծելու կիբեր-միջադեպերն ու արձագանքելու սպառնալիքներին:
Դասընթացի մասնակից Ա.Ղալաչյանը հավելեց. «Զգալի տեսական և գործնական գիտելիքներից բացի դասընթացը կարևորվում է նրանով, որ այն միավորում է տարբեր շահագրգիռ գերատեսչությունների աշխատակիցներին, ինչը հնարավորություն է տալիս հասկանալու տեղեկատվության անվտանգության բնագավառում տարբեր գերատեսչությունների պատրաստվածության աստիճանը, ինչպես նաև հասկանալու այն, թե ինչ սահմաններում կարող ենք համագործակցել միմյանց հետ:»
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ 2008թ.-ից ի վեր՝ հետամուտ ոստիկանության ծառայությունում նոր մոտեցումների խթանմանը, ոստիկանության կրթական համակարգի բարելավմանը և ոստիկանություն - հասարակություն համագործակցության ամրապնդմանը: