ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանում արտահայտվելու և կրոնի կամ դավանանքի ազատության շուրջ երկխոսությանը
Ծաղկաձորում 2014թ. ապրիլի 26-ից 27-ը լրագրողների և մայիսի 17-ից 18-ը փաստաբանների և իրավապաշտպանների համար կազմակերպված աշխատաժողովների կիզակետում էին Հայաստանում կրոնի կամ դավանանքի և արտահայտվելու ազատության հետ կապված հիմնախնդիրները:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ <<Համագործակցություն հանուն ժողովրդավարության>> ՀԿ-ի կողմից կազմակերպված աշխատաժողովները անդրադարձան Հայաստանում կրոնական հանդուրժողականության, կրոնի կամ դավանանքի ազատության իրավիճակին և մարտահրավերներին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Ռադկա Ռուբիլինան ասաց. <<Մտքի և դավանանքի, ինչպես նաև խոսքի ազատությունը ԵԱՀԿ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առաջնահերթություններից են: Այս աշխատաժողովը կամրապնդի փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունները՝ դատարաններում, ԶԼՄ և հասարակության մեջ կրոնական հիմնահարցերին անդրադառնալու և պաշտպանելու հարցում >>:
Տեղի փորձագետներից Ավետիք Իշխանյանը, Մեսրոպ Հարությունյանը, Արա Ղազարյանը և Հովհաննես Հովհաննիսյանը քննարկեցին հայաստանյան օրենսդրությունն ու համապատասխան պրակտիկան: Նրանք նաև անդրադարձան միջազգային չափորոշիչներին, լուսաբանման էթիկայի կանոններին և նորմերին՝ արդյունավետ լուսաբանելու համար:
Մասնակիցները դիտարկեցին նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով հանուն ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) կարծիքը և առաջարկությունները օրենսդրական նախագծերի շուրջ, ինչպես նաև իրավական և սոցիալական ցանցերի կարգավորման վերջին զարգացումները և կրոնական կազմակերպությունների ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների վրա:
<<Համագործակցություն հանուն ժողովրդավարության>> ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանն ասաց. <<Աշխատաժողովի նպատակը կրոնի կամ դավանանքի ազատության միջազգային չափորոշիչների և ազգային օրենսդրության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է: Այն նաև նպատակ ունի նպաստել կրոնական հարաբերություններում հանդուրժողական մթնոլորտի կայացմանը և միջկրոնական հարաբերությունների նկատմամբ՝ մարդու իրավունքների տեսանկյունից մոտեցման ամրապնդմանը>>:
Աշխատաժողովը ԵԱՀԿ գրասենյակի ջանքերի մաս է՝ ուղղված դատարաններում և ԶԼՄ-ներում կրոնական հիմնահարցերի լուսաբանման և պաշտպանության ոլորտում իրավաբանների և լրագրողների կարողությունների ամրապնդմանը և այդ իրավունքի պաշտպանության բարելավմանը: