ԵԱՀԿ-ն խթանում է դպրոցականների շրջանում մարդու իրավունքների իրազեկվածությունը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի 2013թ. - Ս.թ. նոյեմբերի 17-ին Գյումրիում՝ Շիրակի մարզում տեղի կունենա ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի նպատակն է խթանել մարդու իրավունքների մասին գիտելիքներն ու իրազեկվածությունը բարձր դասարանների աշակերտների շրջանում:
Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի /ՄԻՊ/ գրասենյակի և «Երևանի ինտելեկտուալ խաղերի ակումբ»-ի հետ համատեղ՝ նշելու հանդուրժողականության միջազգային օրը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Ռադկա Բզոնկովան նշեց. «Մարդու իրավունքների մասին դպրոցականների ուսուցանումը՝ նրանց զինում է իրենց իրավունքները լիարժեքորեն գնահատելու և այլոց իրավունքները հարգելու անհրաժեշտ գիտելիքներով: Ինտերակտիվ խաղի միջոցով մարդու իրավունքների մասին իրազեկումը ուրախ և զվարճալի մթնոլորտում խթանում է փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և հանդուրժողականության արժեքները»:
Մասնակիցների թվում են ավագ դպրոցի հիսունչորս աշակերտներ՝ Երևանից, Գյումրիից և Վանաձորից, ովքեր արդեն ուսումնասիրել են մարդու իրավունքների թեմաները՝ հասարակագիտության առարկայի շրջանակում: Հաղթող թիմը կպարգևատրվի բուի արձանիկով, որը հանդիսանում է իմաստության և գիտելիքների խորհրդանիշ:
Մարդու իրավունքների պաշտպանի Գյումրու մարզային գրասենյակի ներկայացուցիչ Սիրակ Եղիազարյանը հավելեց. «Մարդու իրավունքների պաշտպանի առանցքային գերակայություններից մեկն է մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացումը: Հուսով եմ, որ խաղի մասնակիցները կկիսեն նոր գիտելիքները իրենց հասակակիցների հետ»:
Նախքան մրցույթը՝ դպրոցականները հանդիպել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և խթանման ոլորտներում պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, նրանք հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների, ՀՀ Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի, ՀՀ վճռաբեկ դատարանից դատավորի հետ, ինչպես նաև այցելեցին Պաշտպանի Գյումրու և Վանաձորի մարզային գրասենյակներ: