Հայաստանում ԵԱՀԿ մոդել համաժողովի մասնակիցները քննարկում են միգրացիան
ԵՐԵՎԱՆ, 2013թ. մայիսի 2 - Հայաստանի մոտ 60 երիտասարդներ այսօր հավաքվել են Երևանում՝ կրկնօրինակելու ԵԱՀԿ հիմնական որոշում կայացնող մարմնի՝ Մշտական խորհրդի նիստը:
Երկօրյա ԵԱՀԿ մոդել համաժողովը կազվակերպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Երիտասարդ առաջնորդների դպրոցի հետ համատեղ:
Մասնակիցները քննարկել են հորինված երկրներ՝ Աբանդիայի և Գրուվլանդիայի միջև հարաբերությունները, որոնք կարիք ունեն համատեղ լուծել աճող միգրացիայի, տնտեսական անկայունության և մարդկանց թրաֆիքինգի մարտահրավերները:
՛՛Բազմակողմ ֆորմատով այս սիմուլյացիոն բանակցությունների միջոցով երիտասարդ մասնակիցները փորձում են իրական մարտահրավերներին լուծումներ գտնել՛՛, ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը: ՛՛Այն նաև կընդլայնի երիտասարդների գիտելիքները ԵԱՀԿ աշխատանքի և վերջինիս ավտանգության վերաբերյալ եզակի և բազմակողմ մոտեցման մասին՛՛:
՛՛Այսօրվա քննարկումը ապահովում է երիտասարդներին փոխզիջման վրա հիմնված միջավայրում գործելու փորձ, որը կարող է օգտակար լինել նրանց ապագայի համար՛՛, ավելացրեց նա:
Մինչև համաժողովը, մասնակիցները վերապատրաստվել են պրակտիկ բանակցությունների հմտությունների և հանրային խոսքի ոլորտներում, և մասնակցել են մի շարք թեմատիկ սեմինարների՝ ԵԱՀԿ-ի, միգրացիայի և միջազգային հարաբերությունների թեմաներով:
Երիտասարդ առաջնորդների դպրոցի տնօրեն Արտակ Շաքարյանը հավելեց. ՛՛Մենք իսկապես ականատես ենք այս մեկ ամսվա ընթացքում ապագա դիվանագետների զարգացմանը: Նրանք փայլում և առանձնանում են ինքնավստահությամբ և արհեստավարժությամբ: Հուսով եմ, որ Հայաստանի ԲՈՒՀ-երի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների մեծ մասն այս սիմուլյացիոն մոդելը կներառի ուսումնական ծրագրի մեջ՛՛:
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Սևակ Ասլանյանը նշեց. ՛՛Առաջին անգամ եմ մասնակցում ԵԱՀԿ մոդել-կոնֆերանսին: Որպես հորինված Գրուվլանդիայի պետության դեսպան ես պետք է զրոյից ստեղծեմ պետական դիրքորոշում, պաշտպանեմ այն միջազգային հարթակում, ինչպես նաև ներկայացնեմ իմ երկիրը մյուս մասնակիցներին: Սա հրաշալի հնարավորություն է ուսանողների համար՝ պրակտիկ դիվանագիտական շփումներին մասնակցելու և այդ շփումներում սեփական հմտությունները բարելավելու, ինչպես նաև սեփական կարծիքը պաշտպանելու տեսանկյունից:՛՛
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է ԵԱՀԿ մոդել համաժողով 2008 թ.-ից: