Մարդկանց թրաֆիքինգի ոլորտում մարտահրավերներն ու դրա դեմ պայքարի միջոցները՝ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հայաստանյան այցի ուշադրության կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի 2016թ. - Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ջարբուսինովան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և համագործակցությամբ պաշտոնական այց կատարեց Հայաստան՝ քննարկելու թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԱՀԿ հանձնառությունների կատարումը պետության կողմից:
Իր այցի ընթացքում նա հանդիպեց մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի, իրավապահ մարմինների պաշտոնյաների, դատախազների, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և քաղաքացիական հասարկության ներկայացուցիչների հետ: Նա նաև Հայաստանում դիվանագիտական հանրությանը ներկայացրեց մարդկանց թրաֆիքինգի արդի միտումներն ու իր գրասենյակի առաջնահերթությունները:
«Հայաստանից արտագաղթի շուրջ 60%-ը պայամանավորված է տնտեսական պատճառներով: Մեծապես կարևոր է անդրադառնալ դրդապատճառներին, բարձրացնել իրազեկվածությունն ու կողմնորոշումը մինչ մեկնումը հատկապես գյուղական շրջաններում՝ նվազեցնելու մարդկանց խոցելիությունն ավելի լավ աշխատանքային հնարավորությունների փնտրտուքում», -նշեց Ջարբուսինովան:
«Մյուս կողմից՝ իշխանությունները պետք է գործադրեն առավելագույն ջանքեր՝ բացահայտելու և ուղղորդելու երկրի ներսում շահագործման ցանկացած հնարավոր դեպք՝ պաշտպանելու ռիսկային խմբերին, մասնավորապես՝ երեխաներին՝ կատարելագործելով աշխատանքային տեսուչների և այլ պետական կառույցների կարողություններն ու ռեսուրսները»:
Հատուկ ներկայացուցիչը նաև հանդիպումներ ունեցավ համապատասխան նախարարություններում, ինչպես նաև Միգրացիայի պետական ծառայությունում և այցելեց Երևանում փախստականների ընդունման կենտրոն՝ այլ հարցերի շարքում քննարկելու նաև Սիրիայից տեղահանված շուրջ քսան հազար անձանցխնդիրները: «Հայաստանը Սիրիայից ժամանած մեծաթիվ միգրանտների, որոնց մեծ մասը հայկական ծագում ունեն, տրամադրել է պաշտպանության և աջակցության տարբեր միջոցներ»,- ասաց Ջարբուսինովան: «Հաշվի առնելով տեղահանվածների մեծ հոսքը՝ կարևոր է, որ իշխանությունները վերահսկեն և գնահատեն ռիսկերը՝ կանխելու հնարավոր խոցելի խմբի շահագործումը»: Հաստատությունները կարող են նաև փախստականների և ապաստան հայցողների համար կազմակերպել մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված դասընթացներ:
Հատուկ ներկայացուցիչը՝ հաճախ ԵԱՀԿ տեղական գրասենյակների համագործակցությամբ, իրականացնում է բարձր մակարդակի նպատակային այցեր ՝ հզորացնելու ԵԱՀԿ անդամ-պետությունների կարողությունները՝ համապարփակ և արդյունավետ կերպով անդրադառնալու մարդկանց թրաֆիքինգի խնդիրներին, փոխանցելու գիտելիք և փոխանակելու լավագույն փորձն այս լուրջ հանցանքի դեմ պայքարում: