ԵԱՀԿ-ն ներկայացնում է իրավապահ մարմինների համար թրաֆիքինգի դեմ պայքարի դասընթաց ուսուցանողների մեթոդաբանություն-ձեռնարկ
ԵՐԵՎԱՆ, 26 Հոկտեմբեր 2011թ. - Այսօր Երևանում հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ և ԱՄԿ աջակցությամբ հրատարակված` իրավապահ մարմինների համար թրաֆիքինգի դեմ պայքարի դասընթաց ուսուցանողների մեթոդաբանություն-ձեռնարկը:
Ձեռնարկը պատրաստել է ազգային փորձագետների խումբը` տարածաշրջանային բազմամյա ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը` Եվրամիության ֆինանսավորմամբ: Այն նախատեսված է իրավապահ մարմիններին, դատախազներին, ոստիկաններին, դատավորներին, սահմանապահներին և աշխատանքի տեսուչներին ուսուցանողների համար:
“ԵԱՀԿ-ն աջակցում է պետական մարմինների և քաղաքացիական հասարակության` թրաֆիքինգի դեմ պայքարի ջանքերին` մասնավորապես իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդմանն ու ուղղորդման ազգային մեխանիզմի իրականացման բարելավմանը: Սույն մեթոդաբանությունը կարող է օգնել ներդնել ավելի համակարգված և շարունակական մոտեցումներ Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների` թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում վերապատրաստման գործում”, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆսթրան:
Ձեռնարկը ներկայացնում է իրավապահ մարմինների ներգրավման կոնկրետ ոլորտների նկատմամբ կիրառելի համապարփակ մեթոդաբանություն, համապատասխան իրավական հիմքերը, ներառում է ուսումնական նյութեր, տրամադրում դասավանդման մեթոդների վերաբերյալ առաջարկություններ և նկարագրում թրաֆիքինգի, շահագործման և այլ առնչվող հանցագործությունների դեմ պայքարի լավագույն փորձը: Ձեռնարկում ներկայացված մեթոդաբանությունն արդեն փորձարկվել է գործնական դասընթացների ընթացքում:
Իրավապահ մարմինների կարողությունների հզորացումը գրասենյակի առաջնահերթություններից մեկն է և որպես Հայաստանի 2010-2012 թթ Թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչներից:
Հրատարակության էլեկտրոնային տարբերակը տեղակայված է`
//www.osce.org/hy/yerevan/84288